Վերջին շրջանում մեր երկրում բարձրացած հուզական ալիքը և ընդհանրապես ամբողջ շարժումը հասարակության զարգացման մեջ ճգնաժամի հետևանք է։ Այսպես է կարծում հոգեբան ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԸ։ Պարոն Խուդոյանը նշում է, որ ճգնաժամից հետո և՛ հասարակությունները, և՛ անձինք անցնում են զարգացման ավելի հասուն փուլի։ «Հասարակության մեջ ավելի ու ավելի մեծացող դժգոհությունն այս կեղծ ու անարդար իշխանավարման դեմ կուտակվեցին-կուտակվեցին, քանակական աճ ապրեցին։ Սերժ Սարգսյանի քայլը ակտիվացման առիթ դարձավ, հանդես եկավ ճիշտ ժամանակին (հոգաբանության մեջ ֆասիլիտատոր են ասում), և ամբողջ լիցքը թափվեց։ Եվ փառք Աստծո, մինչև հիմա, կարծում եմ՝ հետո էլ կառուցողական լուծումներով առաջ կգնանք։ Ճգնաժամը կարող է ցավագին լինել, բայց այս դեպքում բավականին մեղմ ընթացավ։
Թավշյա հեղափոխությունը հենց ճգնաժամն է։ Հիշենք 1918 թվականը։ Ի դեպ, սա էլ միստիկա է՝ կապված թվերի հետ՝ 1918, 1988, 1998, 2018. սա անբացատրելի միստիկա է։ Հասարակության զարգացման մեջ ճգնաժամի հանգուցալուծումը մենք կտեսնենք մայիսի 1-ին։ Դրանից հետո մի քանի տարվա ընթացքում նոր քանակական փոփոխություններ պետք է սկսվեն. անարդար ու կեղծիքի վրա կառուցված իշխանավարումը պետք է փոխարինվի հարաբերականորեն արդար և ավելի ազնիվ, անկեղծ կառավարմամբ»։
Կողմերը բանակցությունների կարծես թե չեն գնում, սակայն պարոն Խուդոյանը կարծում է, որ այստեղ արդեն բանակցության հարց էլ չկա, բանակցելու կարիք էլ չկա. «Իշխանությունը բոլոր հնարավորություններն օգտագործեց, էքսպերիմենտներ էին անում։ Նիկոլ Փաշինյանին ձերբակալեցին, տեսան, շարժումը չմարեց։ Այսօր լուրեր են տարածվել, թե 200 միլիոն դոլարով փորձել են կաշառել նրան։ Հնարավոր է նաև՝ կյանքի դեմ փորձեր արվեն։ Այս բոլորն անիմաստ են, քանի որ պրոցեսն արդեն գնացել է։ Զարգացումն այլևս հնարավոր չէ կանգնեցնել։ Հիշեք խոսքս. Ծառուկյանը դուրս է գալու և ասի, որ պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանին, թեև իր թիմի անդամներն իրեն են առաջարկում։ Քծնում են ուղղակի, ուրիշ ոչինչ։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ Հ1-ն արդեն փոխվել է, ոստիկանությունն իր ղեկավարով փոխվել է։ Ինձ թվում է՝ ճգնաժամը խաղաղ կհանգուցալուծվի, բայց դա ամենևին չի նշանակում, որ միանգամից կստեղծվի արդար համակարգ։ Երկար ժամանակ դեռ լուրջ, շատ լուրջ խնդիրներ կառաջանան»։
Ի՞նչ երաշխիք կա, որ այս հուզական վիճակում ճիշտ լուծումներ կարվեն։ Հոգեբանը նշում է, որ հասարակության մեջ մեծ թվով սթափ մտածող մարդիկ կան. «Դուք կասկածո՞ւմ եք, որ Սարժ Սարգսյանը սթափ չի մտածել։ Նա որոշեց, որ ավելի լավ է հետ կանգնել այդ փոթորկից հանուն ազգի, և ես շատ ուրախ եմ, որ մեր իշխանությունները դա հասկացան։ Կարծում եմ՝ մինչև վերջ էլ կհասկանան»։
Ո՞րն է լուծումը։ Սամվել Խուդոյանը կարծում է, որ ԱԺ-ում կառաջադրվի Նիկոլ Փաշինյանը, և ըստ մեր զրուցակցի՝ չի բացառվում, որ վերջինս միաձայն էլ անցնի. «Այլ տարբերակ չկա։ Փակուղին, որ շատերը մատնանշում են, առերևույթ է թվում, ներսից ամեն ինչ լուծված է»։